Երկխոսություն արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ և գրականագետ, հրատարակիչ ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆԻ միջև:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Երբ թռուցիկ հայացք եմ գցում քո անցած ճանապարհին, միանգամից ակնհայտ է դառնում, որ ամբողջ կյանքդ անցել է գրքերի աշխարհում. 1970-ից աշխատել ես միաժամանակ «Գրքերի աշխարհ» ամսաթերթում և Գրապալատում, հետո թերթին զուգահեռ նաև Ազգային գրադարանում, 1990-ին հիմնադրել ես «Հայագիտակ» հրատարակչությունը, որտեղ աշխատում ես մինչ օրս, հա, մոռացա, 2000-2001-ին խմբագրել ես նաև «Գրական թերթը»։ Ասել է` 45 տարի գրի և գրքերի աշխարհում ես: Պատահականությո՞ւն է, թե՞ կոչում:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Որ ավելի բարձր հնչի, կասեմ` կոչում ես միշտ էլ ինձ մասնագիտությամբ համարել եմ ընթերցող, մեկ-մեկ կատակով ասում եմ՝ տապանաքարիս փորագրեք՝ «ընթերցող»: Իմ աշխատանքային վայրերը թվարկելիս մի տեղ բաց մնաց. 1964-65-ին Բալթյան նավատորմում ծառայելիս, որքան էլ տարօրինակ է, եղել եմ փոքր գրադարանի վարիչ: Ճիշտ է, ունեմ բանասիրական կրթություն, ամբողջ կյանքս անցել է թերթերի և գրքերի աշխարհում, ես ինձ համարել և համարում եմ բազմակողմանի պրոֆեսիոնալ ընթերցող: Մի օր իմ ավագ ընկեր Հրանտ Մաթևոսյանը իմ մի պատմությունը լսելիս հորդորեց.
-Գրի՛ր, ինչո՞ւ չես գրում:
Ես նրան ասացի.
-Դու բնությունից օժտված ես գրելու մեծ տաղանդով, իսկ ես չգրելու ավելի մեծ տաղանդով: Ես էությամբ ընթերցող եմ, ոչ թե գրող:
Դավիթ, հավատա՛, մարդ պետք է կարողանա նաև չգրել, եթե իմ ծանոթներից մեկը գրել է տասը հատոր չընթերցվող գիրք, ես մեջս ուժ եմ ունեցել այդքան գիրք չգրելու: Դա նույնպես ծառայություն է ժողովրդին և հայրենիքին: Ցավալի է, որ երկիրը նման սխրանքի համար չի տալիս խիզախության մեդալ կամ պարգևատրում պետական մրցանակով:
Պատկերացնո՞ւմ ես, ապրես Հրանտ Մաթևոսյանի կողքին ու դու նույնպես գրես քո «Գոմեշը», քո «Ալխոն», քո «Կանաչ դաշտը»...
Կամ ապրես Վահան Տերյանի կողքին և Գուրգեն Հայկունու պես չափածո գրես. և՛ գրել է, և՛ տպագրել է, և՛ նախանձից ու չարությունից մեծ բանաստեղծի դեմ ինչ զրպարտություններ է տարածել: Զարմանալին հայոց լեզուն է. ո՞նց է տրվել և դիմացել նման ապաշնորհությանը:
Երևի թե մենք գրական ժողովուրդ ենք, փառաբանվելու, անմահանալու մեր տենչը գրելով ենք արտահայտում...
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Գուցե մի երկու խոսք ասես «Գրքերի աշխարհ» թերթի մասին:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Յուրաքանչյուր թերթ նախ և առաջ պետք է գնահատել գրագիտության աստիճանով: Իմ կարծիքով՝ «Գրքերի աշխարհը» գրագետ թերթ էր, ուներ իր դեմքը, իր ասելիքը, իր հստակ շրջանակները: Թերթի էական հատկանիշներից էր համառոտությունը: Թերթը ուներ շուրջ 300000 տպաքանակ, այսինքն՝ ընթերցողների մի մեծ բանակ: Ես հիմա էլ մեծ սիրով կխմբագրեի նման մի թերթ:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- 25 տարի առաջ հիմնադրեցիր Հայագիտական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: «Հայագիտակը» հիմնադրման առաջին իսկ տարում լույս ընծայեց Ս. Գլինկայի, Վ. Աբազայի հայոց պատմությունները մեծ տպաքանակով: Այնուհետև լույս ընծայեցիք «Հայերն աշխարհում» հանրագիտարանային բառարանը, «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագիրքը:
1998-ին Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում առաջին անգամ «Հայագիտակը» ներկայացավ հուշանվերային քարեկազմ գրքերով: Ինչպե՞ս մտահղացար:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Եղիշե Չարենցի 100-ամյակի նախօրյակին որոշեցի հրատարակել մի գիրք, որը լինի յուրահատուկ հուշարձան անշիրիմ բանաստեղծին: Եվ գրեցի մի քանի տող որպես նախաբան, որ, եթե անհամեստություն չդիտվի, մեջբերենք.
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Եթե Տիգրանի նման նվաճել կարողանայինք,
Եթե Մաշտոցի նման գտնել կարողանայինք,
Եթե Խորենացու նման հավաքել կարողանայինք,
Եթե Նարեկացու նման աղոթել կարողանայինք,
Եթե Սայաթ-Նովայի նման այրվել կարողանայինք,
Եթե Մխիթարի նման հիմնել կարողանայինք,
Եթե Աբովյանի նման հեռանալ կարողանայինք,
Եթե Նալբանդյանի նման ընդվզել կարողանայինք,
Եթե Րաֆֆու նման սևեռվել կարողանայինք,
Եթե Ալիշանի նման աշխատել կարողանայինք,
Եթե Ջիվանու նման ծառայել կարողանայինք,
Եթե Թումանյանի նման հասկանալ կարողանայինք,
Եթե Կոմիտասի նման մաքրվել կարողանայինք,
Եթե Չոպանյանի նման նվիրվել կարողանայինք,
Եթե Տերյանի նման գրել կարողանայինք,
Եթե Չարենցի նման սխալվել կարողանայինք,
Եթե Չարենցի նման նվաճել, գտնել, հավաքել, աղոթել, այրվել, հիմնել, հեռանալ, ընդվզել, սևեռվել, աշխատել, ծառայել, հասկանալ, մաքրվել, նվիրվել, գրել, սխալվել, Չարենցի նման մնա՛լ կարողանայինք...
Այնուհետև լույս տեսան Հովհ. Թումանյանի քառյակների, բանաստեղծությունների, Վ. Տերյանի և ռուս բանաստեղծների ընտրանիները: Նպատակս մեկն է՝ գրքի արժեզրկման մեր ժամանակներին հակադրել շքեղ, քարեկազմ, արծաթեկազմ, հեղինակների ոսկե հարթաքանդակներով գրքեր, համառոտ և ոչ թե հինգ մամուլ առաջաբանով:
Հուշանվերային քարեկազմ գրքերի մատենաշարին զուգահեռ այժմ հրատարակում ենք նաև «Աստվածաշունչ» և Գրիգոր Նարեկացու «Մատյանը» ձեռագիր, նոր պատկերազարդումով: Կազմը, անշուշտ, թանկարժեք քարերով:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Նման գրքերը մատչելի չեն գրասեր ընթերցողներին:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Անշուշտ, բայց մենք այդ մասին չենք մտածում, քանզի դա մեզ կմտցնի փակուղի. մենք մեր գործն ենք անում, ցանկացողները թող գնան գրադարան:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Բոլորը խոսում են ընթերցանության պակասի մասին: Քո կարծիքով՝ իսկապե՞ս նվազել է հետաքրքրությունը գրքի նկատմամբ: Ո՞րն է պատճառը:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Պատճառը համակարգն է, գաղափարական միջավայրից տեղափոխվեցինք նյութապաշտ միջավայր: Այսինքն՝ դպրոցից ընկանք շուկա: Գիտելիքն այլևս առաջնային չէ, առաջնային է շուկայում ճիշտ կողմնորոշվելը:
Ընթերցանությունը ուղեղի մարզանք է, իսկ մարզված ուղեղը առողջության և հաջողության գրավական է: Գիրք ընթերցելը մեծ վայելք է, տեղափոխվում ես մի ուրիշ աշխարհ, ականատես ես լինում զարմանալի տեսարանների, շփվում ես մեծ անհատականությունների հետ. գրքի միջոցով հանդիպում ես հայի մեծագույն տեսակներին՝ Խորենացուն, Աբովյանին, Թումանյանին, Տերյանին, Բակունցին, Մնձուրուն... Լիցքավորվում ես ազգային բովանդակությամբ: Իմ կարծիքով՝ ապազգային կերպարին այսօր պետք է հակադրել ազգային բովանդակություն կրողին. այսօր չափազանց կարևոր է երիտասարդին տալ ոչ թե տնտեսագետի, իրավաբանի, բանասերի, փիլիսոփայի, բժշկի, այլ հայ տնտեսագետի, հայ իրավաբանի, հայ բժշկի մասնագիտություն: Չինացի բժիշկը ոչ թե ընդհանրապես բժիշկ է, այլ չին բժիշկ:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Ձեր հրատարակած գրքերից ես կառանձնացնեի հատկապես «Գիր» մատենաշարի մեծադիր հատորները՝ «Գանձարան հայ հին բանաստեղծության» Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Ա. Բակունցի ընտրանիները, Ե. Չարենցի «Վերջին խոսքը», Հր. Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» ժողովածուն, Սայաթ-Նովայի «Հայերեն խաղերը»: ՈՒշագրավ է հատկապես «Վահան Տերյան. Տերյանագիտություն և մատենագիտություն» քո կազմած կոթողային հատորը, ուր ամփոփված են տերյանագիտության մեկդարյա ճանապարհի ձեռքբերումները: Արժե հիշատակել նաև հայագիտական հրատարակությունները՝ Ղ. Ալիշանի «Այրարատը», «Սիսականը», «Շիրակը», Ն. Ադոնցի «Հայկական հարցը», «Հայաստանի ոսկեհանքը», նորերս լույս տեսած «Երևելի հայերը»: Սակայն այսօր պետք է հատկապես նշել հանրահայտ «Սև գիրքը» և «Երկիր դրախտավայրը»:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- «Սև գիրքը» երկու հարյուր օտար նշանավոր մարդկանց վկայություններն են թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին: Ֆ. Դոստոևսկու, Լ. Տոլստոյի, Է. Վերհառնի, Մ. Տվենի, Ա. Ֆրանսի, Է. Ռեկլյուի, Ժ. Մորգանի, Լ. Լինչի, Մ. Գորկու, Վ. Բրյուսովի, Օ. Մանդելշտամի, ՈՒ. Չերչիլի, Ջ. Բրայսի, Ժ. Ժորեսի, Պ. Քիարի, Ֆ. Վերֆելի և բազմաթիվ այլ նշանավոր մարդկանց վկայությունները մի՞թե բավարար չեն հասկանալու թուրքական ոճիրների բնույթն ու էությունը և ճանաչելու հայոց Մեծ եղեռնը: Գիրքը լույս է տեսել հայերեն, ռուսերեն, թուրքերեն, օրերս նաև՝ անգլերեն: ՈՒշագրավ է, որ Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Յ. Սկուրատովը իր միջոցներով գիրքը հրատարակեց և տարածեց ռուսական պետական, ռազմական, դիվանագիտական վերնախավում: «Սև գիրքը» շուտով լույս կտեսնի նաև պարսկերեն:
Իսկ «Երկիր դրախտավայրում» տեղ են գտել ավելի քան 300 օտարերկրացի նշանավոր մատենագիրների, ճանապարհորդների, քարտեզագիրների, պատմիչների, քաղաքական, ռազմական, պետական, կրոնական գործիչների, գիտության, մշակույթի, գրականության անվանի ներկայացուցիչների բնութագրերը Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Գրքի նպատակն է ոչ թե ազգային սնապարծությունը, այլ ճանաչել սեփական ժողովրդի ինքնությունը օտարների տեսանկյունից: Որն է Հայաստանը և ով է հայը. ահա «Երկիր դրախտավայրի» միջնասյունը:
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ- Ավանդական հարց` ի՞նչ ծրագրեր ունեն «Հայագիտակը» և անձամբ Ա. Իսոյանը:
ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ- Մեծ չխոսեմ. այժմ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի հետ կազմում ենք «Հայ ժողովրդի պատմության ժամանակագրություն» մեծադիր հատորը, շուրջ 1200 էջ: Իմ կարծիքով՝ այդ գիրքը լինելու է մեր հրատարակությունների պսակը: Հատորի խորագիրն է «Սեղանի գիրք»: